Առակներ
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:
ԵԶՈՊՈՍ
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:
Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:
ԵԶՈՊՈՍ
Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց .
— Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:Եվ ծառերը պատասխանեցին.
— Ինքդ իմաստուն լինելով, ինչպես է որ չգիտես , որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրելով մեզ վրա, դիմանալ հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ և բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:
ԵԶՈՊՈՍ
Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:
Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:
Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:
Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:
ԵԶՈՊՈՍ
Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:
Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:
ԵԶՈՊՈՍ
Կար մի թագավոր և ուներ մի սիրելի օձ, որն ամեն օր նրան բերում էր մի կարմիր դահեկան: Թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա: Նա օձը նետում էր մանկան պարանոցով, և օձն ու մանուկը այդպես խաղում, էին: Երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց, կտրեց օձի պոչը և գետին գցեց: Օձը զայրացավ, խատեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ: Օձը գնաց օտար երկիր: Երբ թագավորը եկավ ու տեսավ մանուկին օձի թույնից սևացած ու մեռած, օձի պոչը գետնին ընկաց, իմացավ, որ իր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Նա սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրատուներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.
— Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի, և մենք առաջվա նման կսիրենք իրար ու միասին կապրենք:
Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.
— Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծ չարիքներ չծնվեն մեր մեջ
No comments:
Post a Comment