Բաժիններ
Առակներ
Աֆորիզմներ
Անեկդոտներ
Հոդվածներ
Նորություններ
Հոգեթերապիա
Հաջողության պատմություններ
Հայտնի հոգեբաններ
Հոգեբանական գրքեր
Հոգեբանական բառարան
Ֆոբիաների բառարան
ԳլխավորCategoriesԱռակներ
Առակներ
Իրականություն
Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ.ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց`սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:
Դեպի Աստված տանող ճանապարհը
Մի մարդ գնում է մեծ ուսուցչի մոտ.
- Ես ուզում եմ սիրել Աստծուն. ինձ ճանապարհ ցույց տուր, - ասում է նրան:
Ուսուցիչը հարցնում է.
- Ասա՛ ինձ` նախկինում սիրե՞լ ես որևէ մեկին:
-Աշխարհիկ գործերը, սերն ու մյուս բաներն ինձ չեն հետաքրքրում. ես ուզում եմ Աստծուն նվիրվել:
- Լա՛վ մտածիր, խնդրում եմ. սիրե՞լ ես թեկուզ մի կնոջ, թեկուզ մի երեխայի, գոնե ինչ-որ մեկին:
Մարդը պատասխանում է.
- Արդեն ասացի` ես կրոնասեր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհական, ես ոչ մեկին չեմ սիրում: Ինձ ցույց տուր դեպի Աստված տանող ճանապարհը:
Ուսուցիչն սկսում է հեկեկալ, արցունքները հոսում են նրա աչքերից, և նա ասում է.
- Այդ դեպքում ուզածդ անհնար բան է: Նախ` պետք է սիրես որևէ մեկին. դա առաջին աստիճանն է: Դու հարցնում ես վերջին աստիճանի մասին, երբ առաջինին դեռ ոտք չես դրել: Գնա՛ ու սիրիր մեկին:
Պատճառի իմացությունը
Լե-ցզին կրակել էր սովորում: Նրա դիպուկ կրակոցից հետո ուսուցիչը հարցնում է.
- Գիտե՞ս` ինչու դիպար նշանակետին:
- Չգիտեմ:
- Ուրեմն դեռ վարպետության չես հասել:
Լե-ցզին գնում է, երեք տարի ևս մարզվում: Ուսուցիչը նորից է հարցնում.
- Գիտե՞ս արդյոք, թե ինչու կրակոցդ դիպուկ ստացվեց:
- Գիտեմ, - պատասխանում է Լե-ցզին:
- Հիմա արդեն հասել ես վարպետության, քանի որ իմաստուն մարդը գիտի ոչ միայն կյանքն ու մահը, այլև դրանց պատճառները:
Լռություն
Երբ Բուդդան անցնում էր մի գյուղով, նրա հակառակորդները հավաքվում են և սկսում Բուդդային վիրավորել: Նա շատ հանգիստ լռում էր: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ. չգիտեին ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է Բուդդային.
- Դու, ինչ է, չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:
- Հասկանում եմ և դրա համար էլ լռում եմ, - պատասխանում է Բուդդան:-Եթե տաս տարի առաջ այդպես վարվեիք, ես կհարձակվեի ձեզ վրա. այն ժամանակ չեի հասկանում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող ինքս ինձ պատժել: Դուք եք որոշում` վիրավորե՞ք ինձ, թե ոչ: Բայց կընդունե՞մ ձեր վիրավորանքները, թե՞ ոչ` դա արդեն իմ գործն է: Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն:
Երջանկությունը դրամի մեջ չէ
Աշակերտը հարցնում է Ուսուցչին. <<Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ>>: << Բացարձակապես ճիշտ է, - պատասխանում է Ուսուցիչը, - քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել>>:
Գիրքը
Մահվան անկողնում Ուսուցիչը կանչում է իր աշակերտներին, բարձի տակից հանում մի գիրք և դիմում ամենալավ աշակերտին.
- Պահպանի՛ր այս գիրքը. այստեղ գրի է առնված իմ ուսմունքը:
- Աշակերտը վերցնում է գիրքը և գցում կրակը: Ուսուցիչը ձեռքը դնում է աշակերտի գլխին և օրհնում նրան.
- Դու ճիշտ ես հասկացել իմ ուսմունքը. ոչ ոք չպիտի հետևի մեկ ուրիշին, ամեն մարդ պիտի գնա իր հոգու ճանապարհով: Գիրքը դատարկ էր, այնտեղ ոչինչ չկար գրված:
Ո՞րն է տարբերությունը
Մի անգամ Բոդհիդհարմային հարցրեցին, թե ինչ տարբերություն կա մեծ իմաստունի կյանքի և սովորական մարդու կյանքի միջև: Նա պատասխանեց.
- Սովորական մարդու կարծիքով իմաստունի կյանքում ոչ մի արտասովոր բան չկա, իսկ իմաստունը սովորական մարդու կյանքում էլ ինչ - որ սրբազան բան է տեսնում:
Բավարարվածը
Մի տիրակալ կամենում էր գտնել բավարարված մարդու: Երկարատև որոնումներից հետո վերջապես գտան այդպիսի մեկին. նա խուլ էր, համր ու կույր:
Բարի՛ դարձիր
Աշակերտը հարցնում է Ուսուցչին, թե ուսմունքն ինչպե՞ս կիրառի կյանքում:
Ուսուցիչը պատասխանում է.
- Նախ` բարի՛ դարձիր: Բարությունը գերբնական շնորհք մի՛ համարիր: Թո այն լինի քո օջախի կայծը, նրանո՛վ վառիր կրակդ, և կրակիդ բոցերն այրող չեն լինի:
Դիպլոմատիա
Մի երկրի տիրակալ սարսափելի երազ է տեսնում, իբր իր նրա բոլոր ատամները թափվել էին: Նա իր մոտ է կանչում երազահանին, որպեսզի մեկնի երազը:
Վերջինս, թագավորին ուշադիր լսելուց հետո, ասում է.
- Տիրակալ, ես ստիպված եմ քեզ տխուր լուր հայտնել: Դու մեկը մյուսի հետևից քո բոլոր մերձավորներին կկորցնես:
Տիրակալը զայրանում է, հրամայում այդ թշվառին զնդան նետել: Կանչում է մեկ այլ երազահանի: Վերջինս ասում է.
_ Ուրախացի՛ր, տիրակալ: Դու քո բոլոր հարազատներից ավելի երկար կապրես:
Բնականաբար, թագավորը շռայլորեն պարգևատրում է նրան: Երբ նա նվերներով դուրս է գալիս, զարմացած պալատականները հարցնում են, թե ինչպես կարողացավ իրենց տիրակալի գոհունակությանն արժանանալ:
Երազահանը պատասխանում է.
- Կարևորն այն չէ, թե ինչ ես ասում, այլ այն, թե ինչպես ես ասում:
Սքանչելի է
Ամեն օր, վաղ առավոտյան Լաո-ցզին զբոսնում էր: Հարևանն ընկերակցում էր նրան: Նա գիտեր, որ Լաո-ցզին լռակյաց մարդ էր, և տարիներ շարունակ, առավոտյան զբոսանքի ժամանակ ընկերանալով նրան`երբեք չէր խոսում: Մի անգամ հարևանի տանը հյուր կար, որը նույնպես ցանկություն հայտնեց Լաո-ցզիի հետ զբոսանքի գնալ: Հարևանն ասաց. <<Զբոսանքի ժամանակ չխոսես. Լաո-ցզին լռակյաց մարդ է>>:
Առավոտը հիասքանչ էր, խաղաղ, երգում էին թռչունները: Հյուրը չդիմացավ ու սովորության համաձայն ասաց` սքանչելի է: Միայն մի խոսք և ուրիշ ոչինչ, բայց Լաո-ցզին նրա վրա մի այնպիսի հայացք գցեց` կարծես խեղճը հանցանք էր գործել:
Երբ տուն վերադարձան, Լաո-ցզին ասաց հարևանին, <<Էլ չգաս և ոչ մեկին էլ չբերես ինձ հետ զբոսնելու. լուսաբացն այնպես սքանչելի էր, այնպես խաղաղ, իսկ այդ մարդն իր շատախոսությամբ ամեն ինչ փչացրեց>>:
Մարդը մարդ է
Կոնֆուցիոսին հանգիստ չէր տալիս Լաո-ցզիի ուսմունքը, և նա գնում է Լաո-ցզիին տեսնելու: Կոնֆուցիոսն ավելի տարիքով էր և կարծում էր, թե Լաո-ցզին իրեն կվերաբերվի ընդգծված հարգանքով, բայց երբ նա ներս է մտնում, Լաո-ցզին նույնիսկ տեղից վեր չի կենում ու նստել չի առաջարկում, նրան հատուկ ուշադրության չի արժանացնում:
-Դուք չե՞ք ընդունում կիրթ վարվեցողության կանոնները,- հարցնում է Կոնֆուցիոսը:
Լաո-ցզին պատասխանում է.
Եթե կամենում եք նստել, նստեք: Եթե կամենում եք կանգնել, կանգնեք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ասեմ, թե ինչ անեք: Ես ձեր կյանքին չեմ խառնվում: Մարդը մարդ է, նա չի կարող լինել <<բարձր>> կամ << ցածր>>: Մենք բոլորս նույն կեցության մասնակիցներն ենք: Մարդկանցից ոչ մեկը մյուսից ոչնչով առավել չէ, և ոչ ոք ընդգծված վերաբերմունքի ակնկալիք չպիտի ունենա: Մարդկանց տարբերակումը հիմարություն է, անիմաստ բան:
Ինքներդ դարձեք Ձեր լույսը
Բուդդան մեռնում էր: Քառասուն տարի շարունակ հազարավոր մարդիկ հետևում էին նրան: Հիմա նա մեռնում էր:
- Սա իմ վերջին օրն է: Եթե հարցնելու բան ունեք, հարցրեք: Հասել է ժամը, երբ ամեն մարդ պիտի գնա իր ճանապարհով:
Անթափանց խավարը պատում է Բուդդայի աշակերտներին: Անանդան` Բուդդայի սիրելի աշակերտը, լալիս էր մանկան պես:
-Ինչու՞ ես լալիս, Անանդա՛, - հարցնում է Բուդդան:
- Ի՞նչ ենք անելու հիմա,- պատասխանում է Անանդան, - դու այստեղ էիր, և մենք ապրում էինք քո լույսի ներքո, այդպես լավ էր ու անվտանգ: Մենք լիովին մոռացել էինք, որ խավար գոյություն ունի: Մենք հետևում էինք քեզ, ամեն ինչ լույսի մեջ էր: Հիմա դու հեռանում ես ընդմիշտ: Մենք ի՞նչ ենք անելու:
- Լսի՛ր ինձ, - Անանդային է դիմում Բուդդան, - քառասուն տարի դու քայլել ես իմ լույսի ներքո և չես կարողացել ստեղծել քո լույսը: Կարծում ես` եթե ևս քառասուն տարի ապրեմ, կկարողանա՞ս հասնել քո լույսին: Ուրիշի լույսի ներքո որքան շատ ես ապրում, որքան շատ ես ընդօրինակում, այնքան շատ ես կորցնում: Ավելի լավ է` հեռանամ:
<<Ինքներդ լույս դարձեք ձեզ համար>>, - սրանք էին Բուդդայի արտասանած վերջին խոսքերը:
Կինը
Մի կին գնաց իմաստունի մոտ, որպեսզի ճանաչի ճշմարտությունը: Իմաստունը համաձայնեց սովորեցնել նրան: Մի տարի անցավ. իմաստունը հարցրեց.
- Դու ըմբռնեցի՞ր ճշմարտությունը:
- Չէ, մեծ իմաստուն, դեռ չեմ ճանաչել, - պատասխանեց կինը:
Իմաստունը բարձրացրեց գավազանն ու հարվածեց նրան: Այդ նույնը կրկնվեց նաև մեկ տարի անց: Իսկ երեք տարի հետո նա դարձրյալ հարցրեց.
- Դու ճանաչեցի՞ր արդյոք իմաստությունը,- և գավազանը բարձրացրեց վեր:
- Ոչ, - պատասխանեց կինը,- բայց ես շատ բան հասկացա,- և նա բռնեց գավազանը` թույլ չտալով խփել իրեն:
- Հիմա դու գիտես գլխավորը,- ասաց իմաստունը,- որ ամեն ինչ իմանալ հնարավոր չէ, ինչպես նաև գիտես կանգնեցնել ցավը:
Գիտակցության սահմանը
Մի մարդ հարցրեց գիտեցողին.
- Իմ գիտակցությունը սահման ունի՞:
- Ինչպե՞ս բացատրեմ քեզ, - պատասխանեց գիտեցողը:-Նայի՛ր երկնքին առավոտյան, դու կտեսնես նրա սահմանը որպես կապույտ գույն և կտեսնես սահմանի պահապաններին` ամպերին: Նայի՛ր երկնքին գիշերը, և դու կտեսնես, որ սահմանը տեղաշարժվել է անսահման հեռավորության վրա, և դրա վկաները երկնային լուսատուներն ու աստղերն են, ինչպես նաև բազմաթիվ ուսյալ աստղագետները: Միայն լուսավորությունը փոխվեց, բայց ինչպիսի՜ էֆեկտ:
Խորհուրդ երիտասարդ աղջկան
Երիտասարդ աղջիկը եկավ իմաստունի մոտ խորհրդի:
- Երկու հոգի իմ ձեռքն են խնդրում: Բայց ես չգիտեմ` ինչ անեմ, ախր սիրտս մի բան է հուշում, իսկ միտքս` լրիվ այլ բան:
- Սրտիդ ձայնո՛վ առաջնորդվիր: Այդժամ նույնիսկ նրանից բաժանվելու դեպքում դու կարող ես ասել <<Ես նրան սիրում էի>> վսեմ խոսքերը, այլ ոչ թե հիասթափությամբ լի. <<Ես հիմար էի...>>:
Սա՛ էլ կանցնի
Մի հզոր թագավոր, որ իրեն շրջապատել էր բազմաթիվ իմաստուններով, կանչում է նրանց ու ասում.
- Ուզում եմ մի այնպիսի մատանի ունենալ, որը հոգուս ինչ-որ առանձնահատուկ խաղաղություն բերի և այնպիսի զորություն ունենա, որ դժբախտության ժամին ուրախացնի ինձ, իսկ ուրախության ժամին թախիծով պարուրի:
Որոշ ժամանակ խորհելուց հետո իմաստունները գտնում են ելքը և թագավորին են հրամցնում մի մատանի, որի վրա գրված էր. <<Սա՛ էլ կանցնի>>:
Հավատարմության պատվար
Տիրակալը հարցնում է իմաստունին.
- Ինչպե՞ս ճանաչենք դավաճանության բույնը և հավատարմության պատվարը:
Իմաստունը ցույց է տալիս հեծյալների խումբը և ասում.
- Ահա՛ դավաճանության բույնը:
Հետո ցույց է տալիս միայնակ մի ճամփորդի և ասում.
- Ահա՛ հավատարմության պատվարը, քանի որ միայնակին ոչ ոք չի դավաճանի:
Եվ այդ օրվանից տիրակալն իրեն շրջապատում է հավատարմությամբ:
Իմաստուն զրույց
Մի Ուսուցիչ կանչվում է պալատ` թագավորի հետ իմաստուն զրույց վարելու: Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության, թանկարժեք քարերի փայլի, ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին: Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած: Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են, թե ինչու Ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
- Եթե խոսեի այդ թեմայով, թագավորը կա՛մ կձանձրանար, կա՛մ կհուսահատվեր: Խոսելուց առաջ մշտապես իմացեք, թե ի՞նչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին: Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար: Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը:
Ամենադժվարը նաև ամենահասանելին է
Հետապնդվող ձիավորը նետվում է գետի ամենալայն տեղը: Հետապնդողը կանգ է առնում` կարծելով, թե ջուրը նետված ձիավորը կխեղդվի, բայց նա բարեհաջող կերպով դուրս է գալիս մյուս ափ: Հետապնդողը նույնպես որոշում է անցնել մյուս ափ, և որպեսզի ժամանակ չկորցնի, փորձում է գետն անցնել ամենանեղ տեղից, սակայն ջրասույզ է լինում ու խեղդվում. գետը վտանգավոր է ամենանեղ տեղում:
Թեթևության, դյուրինության պատրանքի որոնումները սխրանքի չեն հասցնում: Ամենադժվարը նաև ամենահասանելին է:
Բնություն
Դասախոսը պնդում էր, որ զինատեսակների կատարելագործմանն ուղղվող վիթխարի միջոցների մի փոքրիկ մասը բավական կլիներ մարդկության բոլոր նյութական պրոբլեմները լուծելու համար:
Ինչպես և կարելի էր սպասել, դասախոսությունից հետո ուսանողները հարցրին.
- Ինչու՞ են մարդիկ այդքան հիմար:
- Որովհետև, - լրջորեն պատասխանեց վարպետը, - նրանք սովորել են կարդալ տպագրված գրքերը և կատարելապես մոռացել են, թե ինչպես կարդալ չտպագրված գրքերը:
- Մեզ համար չտպագրված գրքի օրինա՛կ բեր:
Բայց Վարպետը ոչինչ չպատասխանեց:
Մի անգամ, աշակերտների համառությանը տեղի տալով, Վարպետն ասաց.
- Թռչյունների ճռվողյունը, միջատների բզզոցը Իսկությունն են հռչակում: Խոտերը ու ծաղիկները մատնանշում են Ուղին: Լսե՛ք: Դիտե՛ք: Ահա, թե ինչպես պետք է կարդալ:
Արագահոսություն
Վարպետն ալերգիա ուներ նրանց հանդեպ, ովքեր երկարաձգում էին իրենց գտնվելը մենաստանում: Վաղ թե ուշ ամեն մի աշակերտ ստիպված էր լինում իրեն ուղղված կոշտ խոսքեր լսելու.
- Քո հեռանալու ժամանակը եկել է: Եթե դու չհեռանաս, Ոգին չի գա:
Աշակերտներից մեկը շատ էր անհանգստանում` իմանալով, որ ինքն էլ է ստիպված լինելու հեռանալ Վարպետից: Նա հարցրեց.
- Այդ ի՞նչ Ոգի պիտի գա:
Վարպետը նրան պատասխանեց.
- Հոսելը ջրին դարձնում է կենդանի և ազատ: Շարժումը քեզ կդարձնի կենդանի և ազատ: Եթե դու ինձ չլքես, դու ճահճի պես կլճանաս, կմեռնես ու կսկսես քայքայվել:
Ինչպե՞ս է բուրում վարդը
Աշակերտները ոգևորությամբ քննարկում էին Լաո-Ցզիի ասույթը. <<Նա, ով գիտի, չի խոսում: Նա, ով խոսում է, չգիտի>>:
Երբ Ուսուցիչը ներս մտավ, նրանք հարցրին, թե այդ խոսքերն ինչ են նշանակում:
-Ձեզնից ո՞վ գիտի, թե ինչ բուրմունք ունի վարդը:
Բոլորը գիտեին:
Այդժամ նա առաջարկեց.
-Պատմեք դրա մասին:
Ոչ ոք ոչ մի բառ չասաց:
Հպարտություն
Ասում են` Դիոգենեսը շատ էր հպարտանում իր աղքատությամբ` նրանով, որ տակառի մեջ է ապրում, որ իրեն ոչինչ հարկավոր չէ: Մի անգամ նա եկավ Սոկրատեսի մոտ, որն, ընդհակառակը, ոչնչից իրեն չէր զրկում, և ասաց.
-Իմ ցնցոտիներով քո տանկագին գորգերի վրա կանգնելով` ես խոցում եմ քո հպարտությունը:
-Այո՛, - պատասխանեց Սոկրատեսը, - քո հպարտությամբ:
Երկու ընկեր
Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»:
Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞:
Ընկերը պատասխանեց.
-Երբ մեզ նեղացնում են, մենք պետք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրել, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:
Գանձ
Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
— Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թողել մեր այգում, բայց ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի:
Հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորն էին փորում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը:
Այգին սկսեց աճել ու զորանալ, առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:
Արմատներ
Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց.
- Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:Եվ ծառերը պատասխանեցին.
- Ինքդ իմաստուն լինելով, ինչպես է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրելով մեզ վրա, դիմանալ հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ և բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:
Ստեղծարարության գագաթին
Մի օր Միքելանջելոյի աշակերտները նրան տեսնում են իր վերջին աշխատանքի կողքին` արտասվելիս: «Ուսուցիչ, ինչու՞ եք լացում»,- հարցնում են նրանք: «Ես չեմ կարողանում գտնել որևէ թերություն իմ աշխատանքում», – պատասխանում է նա: «Բայց չէ՞ որ դա շատ լավ է», – զարմանում են աշակերտները: «Դուք ոչինչ չեք հասկանում: Եթե ես աշխատանքումս թերություն չեմ գտնում, դա նշանակում է, որ իմ տաղանդն անկում է ապրում», – ասում է Միքելանջելոն:
Կարճ ժամանակ անց նա թողնում է քանդակագործությունը և սկսում երգիծական երգեր գրել:
Ո՞րն է ապրելու արվեստի գաղտնիքը (Օշո)
Ո՞րն է ապրելու արվեստի գաղտնիքը:
Ահա թե որն է գաղտնիքը` ապրել լիակատար գիտակցվածության մեջ:
Մի՛ խարխափիր խավարում, մի՛ քայլիր քնի մեջ, քայլիր գիտակցվածության մեջ: Ինչ էլ որ անելու լինես, կարևոր չէ թե ինչ, նույնիսկ եթե դա այնքան աննշան բան լինի, ինչպես աչքերը բացելը և աչքերը փակելն է, արա՛ դա ուշադրությամբ, արա՛ դա գիտակցվածությամբ:
Ո՞վ գիտե, ամեն ինչ կարող է կախված լինել այդ աննշան գործողությունից` աչքերը բացելուց և աչքերը փակելուց: Միգուցե ճանապարհով գնալիս, դու կին կտեսնես և նրա հետ կապրես ամբողջ կյանքդ: Նույնիսկ աչքերդ փակելիս և բացելիս զգոն մնա:
Հիշելու ունակություն
Իմաստուն ծեր չինացին գնում էր ձյունածածկ դաշտով, երբ լաց լինող մի տարեց կնոջ տեսավ:
-Ինչու՞ եք դուք լաց լինում,-հարցրեց նա:
-Որովհետև ես մտածում եմ իմ կյանքի մասին, իմ երիտասարդության, գեղեցկության, որը ես տեսնում էի հայելու մեջ, և այն տղամարդու մասին, որին ես սիրում էի: Աստված դաժան է, որ մեզ հիշելու ունակություն է տվել: Նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունն ու լաց կլինեմ:
Իմաստունը կանգնել էր ձյունոտ դաշտում, սևեռուն նայում էր մի կետի և մտածում էր:
Կինն անսպասելիորեն դադարեց լաց լինել.
-Դուք ի՞նչ եք տեսնում այնտեղ, հարցրեց նա:
-Վարդերի դաշտ,-պատասխանեց իմաստունը:-Աստված մեծահոգի էր իմ հանդեպ, երբ հիշելու ունակություն տվեց ինձ: Նա գիտեր, որ ես ձմռանը միշտ կկարողանամ հիշել գարունը և ժպտալ:
Հրաժարում սեփականությունից
Մի մարդ հարցնում է իմաստունին.
-Ինչպե՞ս հասկանամ սեփականությունից հրաժարվելու պատվիրանը. մի աշակերտ հրաժարվեց ողջ ունեցվածքից, բայց Ուսուցիչը շարունակում է նրան ասել. <<Հրաժարվի՛ր սեփականությունից>>: Իսկ մի ուրիշը շրջապատված է բազմաթիվ իրերով, սակայն Ուսուցիչը նրան սեփականությունից հրաժարվելու կոչ չի անում:
-Սեփականությունից հրաժարվել` նշանակում է ազատվել ոչ թե իրերի առկայությունից, այլ դրանց մտքից, դրանց հետ ունեցած կապվածությունից: Կարելի է ունեցվածքի տեր լինել, բայց սեփականատեր չլինել, կապված չլինել ունեցվածքին:
Առակ երեք մաղերի մասին
Մի - - - - - - - - - -
Մի մարդ հարցրեց Սոկրատին:
-Գիտե՞ս, թե քո մասին ինչ է պատմել ընկերդ:
-Սպասի՛ր, - կանխեց նրան Սոկրատը,- ասելիքդ նախ երեք անգամ մաղիր երեք մաղով։
- Երեք մաղո՞վ:
-Մի բան ասելուց նախ պետք է երեք մաղով մաղես: Սկզբում` ճշմարտության. դու համոզվա՞ծ ես, որ դա ճիշտ է:
- Ոչ, ես ուղղակի լսել եմ դա:
- Այսինքն` դու չգիտես, դա ճիշտ է, թե՞ ոչ: Ուրեմն կմաղենք երկրորդ՝ բարության մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:
-Ո՛չ, ընդհակառակը:
-Այսինքն,- շարունակեց Սոկրատը,- դու ուզում ես իմ ընկերոջ մասին վատ բան ասել, բայց անգամ համոզված չես, թե դա ճիշտ է: Այդ դեպքում փորձենք երրորդ՝ օգուտի մաղը: Արդյո՞ք շատ անհրաժեշտ է, որ ես դա լսեմ:
-Ոչ, առանձնապես անհրաժեշտ չէ:
-Այսպես, - ամփոփեց Սոկրատը,- ասելիքիդ մեջ, ինչը ուզում էիր ասել, չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգուտ: Այդ դեպքում ինչո՞ւ ասել:
Ինչն էր ամենից շատ զարմացնում Դալայ Լամային
Մի անգամ Դալայ Լամային հարցրեցին, թե ինչն է նրան ամենից շատ զարմացնում:
- Մարդը,-պատասխանեց նա:
Սկզբում նա զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որպեսզի վերականգնի իր առողջությունը: Այդ ընթացքում նա այնքան է անհանգստացած լինում իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով: Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա, իսկ մահանալուց ափսոսում է, որ չապրեց:
No comments:
Post a Comment